13/08/2024 20:28
ՊՆ-ն չի հերքում տարածքները զիջելու մասին ստորագրված հուշագրի առկայությունը
ՀՀ ՊՆ-ն առ այս պահը չի հերքել ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությունը, որ հուշագիր է ստորագրվել, որով 2020թ դեկտեմբերին Ադրբեջանին է անցել Գորիս-Կապան ճանապարհը։
Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, իսկ ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չեն եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»։
Հարցին՝ հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին, Այվազյանը պատասխանել է․ «Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարությանը, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Մինչև իմ պաշտոնավարման վերջն այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ»։
«Փաստինֆո»-ն օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Պն՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրե՞լ է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել է տրամադրել նաև հուշագրի օրինակը։
ՀՀ ՊՆ-ն հարցմանն ի պատասխան լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Օրենքը լրացուցիչ ժամանակ նախատեսում է միայն լրացուցիչ ուսումնասիրության համար, ինչից հետևում է, որ ՊՆ-ն չի կարողացել ուղղակի հերքել, քանզի դա փաստ է, և ժամանակ է պետք տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։