14/08/2024 19:43
Շոգ եղանակով պայմանավորված՝ կարող են դիտվել առողջական մի շարք խնդիրներ. Հռիփսիմե Կռնատյան
Արամյանց բժշկական կենտրոնի Թերապիայի բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Կռնատյանը ներկայացնում է՝ ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից շոգի ժամանակ։
Եթե օդի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, օրգանիզմը պայքարում է գերտաքացման դեմ՝ մեծացնելով ենթամաշկային արյան հոսքը, բայց երբ ջերմությունն ուժեղանում է, և արտաքին ջերմաստիճանը բարձրանում է ներքինից, օրգանիզմն անցնում է «ռեսուրսների խնայողության»՝ խթանելով արյան հոսքի կենտրոնացման մեխանիզմը։ Սա լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հարուցելով արյան ճնշման տատանումներ, սրտխփոց, օդի պակասի զգացում, կրծքավանդակում սեղմվածություն, հեղձուկի նոպաներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավով։ Այն վատթարացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ՍԻՀ-ը, զարկերակային հիպերթենզիան, շաքարային դիաբետը, քրոնիկական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, թոք-սրտային անբավարարությունը, երիկամային քրոնիկ հիվանդությունը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, ավշային կանգը՝ լիմֆոստազը, ինչպես նաև հոգեկան տարբեր տիպի խանգարումները:
Ծայրահեղ շոգին մարդիկ կարող են զգալ արևահարություն, ջերմային հյուծում կամ նույնիսկ ջերմային սպազմ: Անմիջապես բուժօգնություն չստանալու դեպքում արևային հարվածը կարող է մշտական վնաս հասցնել կենսական օրգաններին՝ հանգեցնելով նույնիսկ մահվան:
Շոգ եղանակը կարող է ազդել բոլորի, ոչ միայն հիվանդների վրա, այդ թվում՝ երիտասարդների ու առողջ մարդկանց:
Ռիսկի գոտում են այն մարդիկ, ովքեր ունեն 65 և ավելի տարիք, ունեն ավելորդ քաշ; նրանք, ովքեր աշխատում են դրսում և ովքեր կարիք ունեն բացօթյա սպորտով զբաղվելու, նրանք, ովքեր ընդունում են հակաալերգիկ, հակահիպերթենզիվ, հակացնցումային դեղամիջոցներ, հակադեպրեսանտներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հղի կանայք և կերակրող մայրերը, նորածինները և փոքր երեխաները, ինչպես նաև ավելի զով երկրներից ժամանողները:
Որպեսզի խուսափեք արևահարությունից՝
խմեք որքան հնարավոր է շատ ջուր, նույնիսկ եթե ծարավ չեք։ Առողջ մարդուն բավական է օրական մոտ 2, 2,5 լիտր մաքուր ջուր օգտագործել՝ շոգին հեղուկի կորուստը փոխհատուցելու համար։
Այնուամենայնիվ, արժե հաշվի առնել նաև այն փաստը, որ սառեցված ջուրն անոթասեղմիչ է, և դրանով իսկ խաթարում է մարսողությունը:
Օրգանիզմի «ուշադրությունն» այսպիսով «շեղվում է» մարսողությունից, քանի որ այն փորձում է կարգավորել մեր մարմնի ջերմաստիճանը և ջրի ջերմաստիճանը, ուստի իրականում կարող է հանգեցնել ջրի կորստի և այսպիսով նպաստել մարմնի ջրազրկմանը: Ուստի դրանից խուսափելու համար արժե խմել սովորական ջուր, բայց ոչ շատ սառը:
Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես օրվա կեսին։ Իսկ եթե մարդն աշխատում է փողոցում, ապա պարբերաբար անհրաժեշտ է ընդմիջում անել և 10-15 րոպե հանգստանալ զով սենյակում։
Երբ դրսում եք, կրեք գլխարկ, կիրառեք արևապաշտպան քսուք և ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հնարավորության դեպքում չեղարկել կամ հետաձգել շրջագայությունները:
Առավոտյան ժամը 11-ից մինչև 16-ը, երբ արևի ճառագայթներն ամենահզորն են, խորհուրդ է տրվում երկար ժամանակ դուրս չգալ և արևի տակ չգտնվել։ Հագեք բաց, բաց գույնի հագուստ՝ պատրաստված բնական մանրաթելերից, ինչպիսին է բամբակը։
Ձեր սննդակարգում ներառեք թեթև և բանջարեղենային ուտեստներ, դրանք կերեք ամբողջ օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով։
Համոզվեք, որ սննդամթերքը պատշաճ կերպով է պահվում սառնարանում:
Խուսափեք ճարպային և կծու սննդից, աշխատեք չափից շատ չուտել:
Մի՛ մոռացեք, որ քաղցր գազավորված ըմպելիքները և հյութերը չեն օգնում հաղթահարել ծարավը, այլ միայն մեծացնում են այն։ Հետրաբար, ծայրահեղ շոգին ավելի լավ է խմել սովորական չգազավորված հանքային ջուր:
Մի՛ մոռացեք, որ երեխայի մարմինը տաքանում է 3-5 անգամ ավոելի արաք, քան մեծահասակի մարմինը։
Ոչ մի դեպքում չի կարելի երեխային թողնել մեքենայի մեջ։ Մեքենայում ջերմաստիճանը տաքանում է ընդամենը 10 րոպեում՝ 20 աստիճանով, իսկ մեկ ժամում՝ 40 աստիճանով։ Անգամ պատուհանները մի փոքր բաց թողնելով՝ չես կանխի ջերմաստիճանի բարձրացումը՝ վտանգավոր մակարդակի:
Հետևելով նմանօրինակ խորհուրդներին՝ կկանխեք արևահարությունը և շոգ եղանակին մի շարք հիվավնդությունների ընթացքի վատթարացումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ