14/08/2024 14:44
Կա՛մ վերևից հրաման է իջեցված, կա՛մ էլ անձնական շահագրգռվածություն ունեն մեր գործով. Սաղաթելյանը՝ դատախազների մասին (Տեսանյութ)
Այս դատական նիստը ոչ միայն իմ ու Նարեկի մասին է, այլև, առհասարակ, հանրային խոսքի և դրա հետապնդման, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանը:
Նշենք, որ այսօր դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Դատը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
«Ինչպես ես ասացի դատարանում, ինքնին նորմալ լեքսիկոնը մեր նախագծի գաղափարական հիմքը չի հանդիսանում: Հանրային մեղադրողները բերեցին միջնորդություն, որ պետք է կրենք էլեկտրոնային սարքեր: Էլի եմ ասում՝ այս մարդիկ անում են ամեն ինչ, որ մեր կյանքը բարդացնեն: Իրենք ի սկզբանե էլ դեմ էին, որ մեզ ազատ արձակեն, բայց արդեն 5 ամիս է՝ մենք ազատ ենք, չենք փախել երկրից, իրենց մտահոգությունները փուչ էին ու սին, բայց գալիս ու ասում են, որ պետք է էլեկտրոնային սարքեր կրենք: Պետք է հասկանանք՝ կա՛մ իրենց հրաման է իջեցված, կա՛մ էլ անձնական շահագրգռվածություն ունեն»,-նշեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով՝ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։
Մայիսի 21-ին դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվել էր նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Դատարանը սահմանել է վարչական վերահսկողություն. նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։
Այնուհետև Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Սակայն դատարանը որոշում էր կայացրել, որ միջնորդությունները ենթակա են մերժման, և այն խափանման միջոցները, որոնք ընտրված են, պետք է մնան անփոփոխ։