14/08/2024 15:14
Գործարարներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի մասին. Բադալյան
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Գործարարներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի կապակցությամբ: Զարմանալի չէ: Ոչ թե ահազանգը, այլ՝ մամլիչի ուժգնության աճը:
Չէ՞ որ 2024 թվականի բյուջեի կատարողականի առումով կա խնդիր՝ առաջին կիսամյակում գերթե 120 միլիարդ դրամի թերակատարում:
Ի դեպ, այդ առնչությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել կատարողականի հաշվետվության քննարկում:
Իհարկե, քանի որ Հայաստանում տնտեսություն երեւույթը քաղաքական օրակարգերի «լուսանցքում» է, թեեւ պետք է լիներ լրիվ հակառակը, կառավարությունում վարչապետի գլխավորությամբ խորհրդակցությունը չի արժանացել բավարար ուշադրության:
Մինչդեռ, դրա մասին հաղորդագրությունն ավարտվում է բավականին հետաքրքիր մի պարբերությամբ. «Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ»:
Հաշվի առնելով, թե «մեթոդաբանության» եւ մտածողության ինչ տիրույթում է հարկային վարչարարություն իրականացնող մարմնի աշխատանքը, մեծ հավանականությամբ հնարավոր է եզրակացնել, որ պարբերությունն ընդամենը «մամլիչն ուժգնացնելու» մասին է»:
Ավելի ուշ Բադալյանը ևս մեկ գրառում է կատարել այս թեմայի առնչությամբ՝ գրելով. «Չկա տնտեսությունից ավելի կարեւոր օրակարգ, ինչպես ծառի համար չի կարող լինել արմատից ավելի կարեւոր բաղադրիչ, քանի որ մնացյալ բոլոր բաղադրիչների առողջությունը եւ կենսունակությունը կախված է դրանից:
Նախօրեին «Ֆայնենշլ Թայմսի» համակարգում գործող տնտեսական խումբը կազմել էր ներդրումային գրավչությամբ տասը առաջատար երկրների ցանկ եւ Ադրբեջանը այդ ցանկում էր, այսինքն արտաքին ներդրողների համար տասը գրավիչ ուղղությունների ցանկում: Բնականաբար, ցանկացած այդպիսի ցանկ ունի սուբյեկտիվության բազմաթիվ տարրեր, բայց, եկեք մի պահ փորձենք նկատել, թե ի՞նչ խոշոր արտաքին ներդրումներ են իրական գետնի վրա կատարվել Հայաստանում վերջին տարիներին:
Ընդհանրապես, ինչպիսի՞ն է Հայաստանի ներդրումային միջավայրը, իր թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչներով հանդերձ, դրանց հարաբերակցությամբ հանդերձ: Ինչպիսի՞ն է Հայաստանի հանդեպ արտաքին ներդրումային հետաքրքրվածության աստիճանը, ինչպիսի՞ն է արտաքին ներդրում երեւույթի հանդեպ մեր հասարակական միջավայրն ու մթնոլորտը, վերաբերմունքը, ընկալումը:
Բացի քաղաքական կոնյուկտուրայից բխող ներքին «կենացային» խոսույթի մակարդակով ներդրումային «վարդագույն» հեռանկարներ կազմելուց, իրական գետնի վրա մենք չունենք այս թեմայի շուրջ խորքային քաղաքական, մասնագիտական ընդգրկուն քննարկումներ, որովհետեւ դրանք չեն կարող լինել էպատաժային, իսկ այսօր «սպառման» ենթակա ապրանքը էպատաժն է, դատարկ, պաթետիկ, երբեմն հիստերիկ էպատաժը:
Տնտեսական վիճակագրությունն էլ ապահովվում է գերազանցապես Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հետեւանքով ստեղծված իրավիճակի, հայտնի հանգամանքների շնորհիվ:
Ընդ որում, ապահովվում է վիճակագրություն, բայց դա փաստացի թույլ չի տալիս ապահովել բյուջեի մուտքերի կայունություն, եւ տեղի է ունենում թերակատարում: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ըստ էության չի ստեղծում, այլ ընդամենը վերավաճառում է: Ինչ-որ մարդկանց համար դա լավ է, տնտեսության առողջության համար դա ունի թերեւս թմրանյութի էֆեկտ: Իսկ տնտեսությունը թմրամոլ դարձնելը չի տանի ոչ մի լավ տեղ:
Իհարկե, արտաքին կոնյուկտուրան կարող էր լինել ստարտային լավ պայման, բայց, եթե լիներ տնտեսական որակյալ, արդիական քաղաքականության ունակ թիմ, որը արտաքին կոնյուկտուրայից ստացվող էֆեկտը այդ քաղաքականության կիրառման շնորհիվ կուղղեր արդեն տնտեսության արյունատար անոթներ, կուղղեր տնտեսության ստեղծարար կառուցվածքի ձեւավորման:
Բայց, որեւէ կերպ չի նշմարվում այդ թիմը»: