14/08/2024 19:24
Ուկրաինացիներին կոչ են արել զերծ մնալ Բելառուս այցելելուց
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Բելառուս մեկնելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Բելառուս այցելելը «կարող է սպառնալ Ուկրաինայի քաղաքացիների անվտանգությանն ու կյանքին»։ Զգուշացվում է նաև, թե ուկրաինացիներին Բելառուս ժամանելիս կարող են մանրազնին ստուգել, հետաքրքրվել այցի նպատակի մասին, հարցնել քաղաքական հայացքների մասին, նրանցից վերցնել հեռաախոսները՝ ստուգելու համար։
Ներկայում ուկրաինացիները կարող են Բելառուսի տարածք մուտք գործել նրան սահմանակից այլ երկրների միջոցով, բացառությամբ Ուկրաինայի։
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հորդորել էր ուշադրություն դարձնել Ուկրաինայի գործողություններին, որոնցով նա փորձում է Բելառուսին ներքաշել զինված հակամարտության մեջ։ Մինչ այդ էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ոչնչացվել են իր երկրի օդային տարածք ներխուժած՝ ուկրաինական ԱԹՍ-եր․ դրանք Բելառուսի տարածքով թռչում էին դեպի Ռուսաստան։