14/08/2024 13:53
Վնասվել են եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը․ վերջին երկրաշարժի հետևանքները
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ․ դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Այդ մասին ասուլիսում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով վերջին երկրաշարժի հետևանքները։
«Երանոս բնակավայրում 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինությունում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,-մանրամասներ է հայտնել Նարեկ Սարգսյանը:
Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ: