14/08/2024 20:57
Բայդենը հայտարարել է՝ վերջին օրերին պարբերաբար ուղիղ կապ է հաստատում Ուկրաինայի հետ
ԱՄՆ-ը մշտական կապի մեջ է Ուկրաինայի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե վերջին ժամանակաշրջանում խոսե՞լ է արդյոք Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ։
«Մենք ուղիղ կապ ենք պահպանում, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ «վերջին 6-8 օրերին՝ մոտավորապես 4-5 ժամը մեկ է» կապ հաստատվում։
Բայդենն ասել է նաև, թե Ուկրաինայի գործողությունները՝ Կուրսկի ուղղությամբ, «իրական դիլեմայի առջև են կանգնեցրել Կրեմլին»։
Նշենք, որ Սպիտակ տունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում են շրջանառվող լուրերն, ըստ որոնց Կուրսկի ուղղությամբ հարձակումից առաջ Կիևը խորհրդակցել է Վաշինգտոնի հետ։
Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ուկրաինան այդ քայլին գնացել է հավաքական Արևմուտքի հովանավորությամբ, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն իր հերթին հայտարարել էր, որ Կուրսկի ուղղությամբ ահաբեկչությունը Արևմուտքի թողտվությամբ ու հովանավորությամբ է տեղի ունեցել։ Bloomberg գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի տարածքի վրա անակնկալ հարձակման մի քանի սցենար է մշակել՝ մինչ այդ ստանալով ԱՄՆ ղեկավարության ու Եվրամիության հավանությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ներխուժում իրականացնել ՌԴ տարածք։