14/08/2024 12:28
Երևանի սեյսմիկ վտանգը քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի, բայց բնակֆոնդերի 45%-ը բարձր խոցելիություն ունի. Սեյսմիկ ծառայության տնօրեն
Երևանի սեյսմիկ վտանգը քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի։ Եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ՝ համարելով, որ Երևանը գտնվում է 8 բալանոց գոտում, կունենանք հետևանքներ. հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
Նա նկատեց, որ ԽՍՀՄ ժամանակ սեյմիկ վտանգը թերագնահատված էր և բնակաֆոնդերի կառուցապատումն իրականացվել է 7-8 բալերի համար, մինչդեռ հիմա ունեն 8, 9, 10 բալանոց գոտիներ։
«Հիմա, որ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ՝ շենքերը խոցելի են, պատճառը դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր վտանգի համար, քան պետք է»,-ասաց նա և նշեց, որ Երևանի պարագայում, եթե տոկոսներով խոսեն՝ բարձր խոցելիությամբ բնակֆոնդը մոտավորապես 45 տոկոս է։
Մասնագետը նշեց, որ Երևանի համար կա երկու խզվածք՝ Երևանի հյուսիս-արևմտյան մասը և Գառնիի խզվածքը։ «Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է, քան Գառնիինը։ Բայց այնպես չի, որ երկրաշարժի դեպքում բոլորը կփլվի։ Եթե երևանյան խզվածքը աշխատի, խոցելիությամբ 45 տոկոս շենքերն ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին»,-ասաց նա։