14/08/2024 17:34
Արևմուտքը զենքի շուկայում ճնշում է բանեցնում Ռուսաստանի գործընկերների վրա․ «Ռոսօբորոնէքսպորտ»
Արևմտյան երկրները ճնշում են գործադրում Ռուսաստանի գործընկերների վրա՝ ռազմատեխնիկական ոլորտում մեզ հետ համագործակցությանը խոչընդոտելու նպատակով, հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը։
«Իհարկե, մենք տեսնում ու արձանագրում ենք արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառման մշտական փորձեր․ նրանք ճնշում են գործադրում մեր գործընկերների վրա՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Արձանագրում ենք նաև, որ մեր պատվիրատուների մեծ մասը այդ ճնշումները դիտարկում է որպես միջամտություն իրենց ինքնիշխանությանն ու ներքին գործերին և անընդունելի է համարում դա»,- ասել է Միխեևը «Ինտերֆաքս»-ին՝ «Բանակ-2024» ֆորումի ժամանակ։
«Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարը հավելել է, որ արևմտյան ճնշումներին տուրք չտալու օրինակներից մեկն այն է, որ օտարերկրյա որոշ պատվիրատուների հետ, արդյունաբերական գործընկերության շրջանակներում, հաջողությամբ իրացվում են հրետանային զինատեսակների, այդ թվում՝ Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրությունը նրանց տարածքում կազմակերպելու մասին պայմանավորվածությունները։