14/08/2024 20:19
Չինաստանի կողմից օգոստոսի 6-ին տիեզերք արձակված Long March 6A հրթիռը պայթել է
Չինաստանը խոստովանել է, որ օգոստոսի 6-ին 18 արբանյակներով տիեզերք արձակված Long March 6A հրթիռը պայթել է, հայտնել է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանի արձակած հրթիռը պայթել է, ավելի քան 300 բեկորներ հայտնվել են ցածր մերձերկրյա ուղեծրում։
Չինաստանի ԱԳՆ-ն, տիեզերքում հրթիռի պայթյունի հետ կապված իրավիճակի մասին հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Չինաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, հետևում է իրավիճակին, իրականացնում է տվյալների վերլուծություն։
«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս տիեզերական աղբի (տիեզերքում գտնվող արհեստական օբյեկտները և դրանց մասերը, որոնք չեն կարող ծառայել օգտակար նպատակի համար -խմբ․) դեմ պայքարին, նպաստում է տիեզերական միջավայրի պաշտպանությանը և աջակցում է տիեզերական գործունեության կայունությանը»,- նշված է Չինաստանի ԱԳՆ մեկնաբանությունում։
Bloomberg-ի տվյալներով՝ չինական հրթիռի պայթյունը վերջին տասնամյակների ընթացքում տիեզերական աղբի գոյացման ամենամեծ աղբյուրներից մեկն է դարձել։