14/08/2024 12:52
Լոռու մարզպետն անակնկալ այց է կատարել Վանաձորի ԲԿ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ անակնկալ այց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոն:
Մարզի ղեկավարը բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Մեսրոպ Հազրոյանի հետ շրջայց է իրականացրել բուժկենտրոնում, ծանոթացել տրամադրվող բուժծառայությունների որակին, ընդհանուր կարգապահական հարցերին, քաղպաշտպանությանն ու անվտանգության կանոնների պահպանմանը, տեղում զրուցել բուժառուների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում նրանք բուժծառայությունների որակը և բուժանձնակազմի վերաբերմունքը:
Մարզի ղեկավարը մասնավորապես հետևել է ընդունարանի աշխատանքին, ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության կենտրոնի, հեմոդիալիզի, ընդհանուր թերապևտիկ բաժանմունքների գործունեությանը, հանգամանորեն ծանոթացել մատուցվող բուժծառայությունների ընթացքին, որակին, առկա խնդիրներին, վճարովի բուժծառայությունների մատուցման հետ կապված՝ ծանոթացել նաև վճարման կարգին:
Բուժառուների կողմից մարզի ղեկավարը դրական արձագանքներ է ստացել մատուցվող բուժծառայությունների որակի և բուժանձնակազմի վերաբերմունքի հետ կապված: Այսուհանդերձ, մարզի ղեկավարը տեղում արձանագրել է որոշ խնդիրներ: Տրվել են հանձնարարականներ բնակչության խնդիրներին առավել արագ արձագանքելու, օպերատիվ գործելու, սանիտարական անթերի պայմաններ ապահովելու, ինչպես նաև անմիջապես բուժհաստատության մուտքից բուժառուներին պատշաճ դիմավորելու և ըստ անհրաժեշտության ուղղորդելու, առաջին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Մարզի ղեկավարը հույս է հայտնել, որ կարճ ժամկետներում թերությունները կշտկվեն։
Արամ Ղազարյանը բուժանձնակազմի և բուժառուների հետ զրույցի ընթացքում նշել է, որ աշխատանքներ են տարվում բժշկական կենտրոնը ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու ուղղությամբ, ինչը կնպաստի առավել որակյալ բուժծառայությունների մատուցմանը:
Արամ Ղազարյանը ծանոթացել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնում անցկացվող՝ 2-ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մանկական հիվանդությունների ինտեգրացված բուժմանը նվիրված վերապատրաստման դասընթացի ընթացքին: Վերապատրաստման 5-օրյա դասընթացին մասնակցում են Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի առողջության առաջնային օղակի մանկաբույժներ և ընտանեկան բժիշկներ:
Մարզպետը կարևորել է վերապատրաստման դասընթացներում բուժման արդի մեթոդների վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը և դասընթացների արդյունավետությունը: Անակնկալ այցերը բժշկական հաստատություններ և այլ կառույցներ շարունակական բնույթ են կրելու: