15/08/2024 18:27
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը. Վիրաբույժ Կարպ Սայադյան
Արթմեդ ԲՎԿ-ի վիրաբույժ Կարպ Սայադյանը, անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերին, ներկայացնում է զարգացման փուլերը։
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման շրջանը պայմանավորված է ուռուցքի տարածման աստիճանից և վիճակից, ինչպես նաև շրջակա հյուսվածքների վիճակից։
Զրոյական շրջան. Այս շրջանը շատ բժիշկներ քաղցկեղ չեն համարում, այլ բնութագրում են որպես նախաքաղցկեղային վիճակ, որի ժամանակ զարգանում է, այսպես կոչված, ոչ ինվազիվ քաղցկեղ։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջին փուլ. Այս ախտորոշումը նշանակում է, երբ ուռուցքն արդեն ձևավորվել է, սակայն վերջինիս չափերը չեն գերազանցում 2 սմ-ը։ Սա արդեն սկզբնական շրջանի ինվազիվ քաղցկեղ է. քաղցկեղային բջիջները կարող են տարածվել հենց գեղձի հյուսվածքներ, սակայն դուրս չեն գալիս վերջիններիս սահմաններից։
Կրծքագեղձի քաղցկեղի երկրորդ փուլ. Կրծքագեղձի քաղցկեղի այս փուլում կամ այն փոքր ուռուցք է (2 սմ-ից ոչ ավելի), սակայն առկա են մետաստազներ դեպի անութային շրջանի ավշային հանգույցները, կամ խոշոր գոյացություն է՝ 5 սմ և ավելի, սակայն մետաստազներ չկան։
Կրծքագեղձի քաղցկեղի երրորդ փուլ. Այս փուլում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ներկայացվել երեք տարբերակով։
Կրծքագեղձի քաղցկեղ՝ 3A փուլ. մոտավորապես 5 սմ չափերով ուռուցք է, որն ընդգրկում է անութային, որոշ դեպքերում նաև` հետկրծոսկրային ավշային հանգույցները։ Ընդ որում, մետաստազները կպած են մեկը մյուսին կամ այլ հյուսվածքների։
Կրծքագեղձի քաղցկեղ՝ 3B փուլ. ցանկացած չափի ուռուցք է, որը ներաճում է կրծքավանդակ կամ գեղձի մաշկի մեջ։ Այս ուռուցքը կարող է զուգակցվել կրծքագեղձի այտուցի հետ, մաշկի վրա կարող են հանգույցներ առաջանալ։ Երբեմն, երբ անոթները խցանվում են քաղցկեղային բջիջներով, զարգանում է բորբոքային քաղցկեղ։ Այս դեպքում կրծքագեղձն այտուցվում և կարմրում է։
Կրծքագեղձի քաղցկեղ՝ 3C փուլ, այս դեպքում ուռուցքով ախտահարվում են հետկրծոսկրային, անութային, ենթաանրակային, վերանրակային ավշային հանգույցները։
Կրծքագեղձի քաղցկեղի երկրորդ և երրորդ փուլերում, որպես կանոն, բուժումը վիրահատական է, անհրաժեշտ է լինում գեղձն ամբողջությամբ հեռացնել։ Որոշ ժամանակ հետո կարելի է կատարել պլաստիկ վիրահատություն՝ առաջացած կոսմետիկ դեֆեկտը վերացնելու համար։
Կրծքագեղձի քաղցկեղ, չորրորդ փուլ. Ախտորոշվում է, երբ առկա են մետաստազներ դեպի հեռակա օրգաններ, քաղցկեղով ախտահարվում են նաև լյարդը, թոքերը, ոսկրերը, գլխուղեղը։ Կրծքագեղձի քաղցկեղի չորրորդ շրջանում, որպես կանոն, վիրահատություն չի իրականացվում։ Այս դեպքում բուժումը պալիատիվ է՝ ուղղված հիվանդի վիճակի թեթևացմանը։
Հիվանդության վաղ շրջանում կրծքագեղձի քաղցկեղը լիովին բուժվում է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ