15/08/2024 14:52
Խաղաղության պայմանագիր չի ստորագրվում, հնարավոր է՝ ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, իսկ Փաշինյանը շպագատ է նստելու. Շարմազանով
Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հնարավոր է՝ ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, որը հավաքական Արևմուտքին անհրաժեշտ է ընտրություններից առաջ։ Ադրբեջանը պարզ ասել է, թե ինչ պայմաններով է ստորագրելու խաղաղության պայմանագիր, ասել է, չէ՞, որ մինչև Սահմանդրությունը չփոխվի, չի ստորագրելու»,-ասաց նա։
Ըստ նրա, դա հերթական հռչակագրային թղթի կտրոն է, որպեսզի ցույց տան, որ «իրենց շահերի սպասարկող Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերում»․ «Ադրբեջանը ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն էլ չի ճանաչել»։
Նա ընդգծեց, որ պայմանագիրն այն է, որ երկու կողմերը պարտավորություն ունեն։
Շարմազանովը նշեց, որ Փաշինյանը վերջին մեկուկես ամսում կտրուկ հակառուսական քայլեր չի անում․
«Ակնհայտ է, որ նա սպասում է, բայց ինքը շպագատ է նստելու՝ չի կարող սպասարկել և՛ Արևմուտքին, և՛ թուրքերին, և՛ ռուսներին, և՛ իրանցիներին միաժամանակ, բայց ինքը գնում է այդ ճանապարհով»։