15/08/2024 13:33
Հլը մի հատ պատկերացրեք կադրը՝ մաքսային ծառայողն ինչպե՞ս կարող է ստիպել, որ քաղաքացին թմրանյութ խմի. Բադասյանը՝ Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքի մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին և ասաց, որ կատարվում է քննություն, ոչ պրոֆեսիոնալ գործողություն կատարած անձինք, եթե կան, ապա պատասխանատվության կենթարկվեն:
«Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը ստիպի, որ քաղաքացին թմրանյութ խմի: Մի հատ այդ կադրը պատկերացրեք, ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել: Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է եղել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց դեպքը եղել է այսպես՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և այդ ընթացքում քաղաքացին որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով, իհարկե, նորմալ ընթացակարգ չի։ Էլի եմ ասում, որ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկներն ամեն ինչ արձանագրել են» ,-նշեց նա:
Հիշեցնենք, օգոստոսի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ մահացած վիճակում։