15/08/2024 21:45
Նեթանյահուն հերքում է՝ Թրամփի հետ ոչինչ չի քննարկել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի մամուլի ծառայությունը հերքել է տեղեկություններն, ըստ որոնց Նեթանյահուն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ երեկ քննարկել է Գազայի հատվածում զինադադարի հաստատման հնարավորության հետ կապված հարցեր։
«Հակառակ տեղ գտած հրապարակումներին՝ վարչապետը երեկ չի խոսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- նշված է Իսրայելի կառավարության տարածած հաղորդագրությունում, որը մեջբերել է Ynet-ը։
Նշենք, որ ավելի վաղ Axios հարթակը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ օգոստոսի 14-ին Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը փորձել է համոզել Նեթանյահուին՝ համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ։
Նշենք նաև, որ հուլիսի վերջին Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպում է ունեցել Մար-ա-Լագոյում, որի ժամանակ քննարկվել է նաև Գազայում հրադադարի հաստատման հարցը։