15/08/2024 11:38
Կառավարությունն աջակցություն կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողներին
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում հայտնված տուժած տնտեսվարողներին՝ աղետի հետևանքով ստեղծված դժվարությունները հաղթահարելու և գործունեությունը շարունակելու համար:
«Տուժած տնտեսվարողներին պատճառված վնասները գույքագրվել են մարզպետարանների կողմից, նրանց օգնելու նպատակով Էկոնոմիկայի, ՏԿԵՆ-ի, ՊԵԿ-ի և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ ջանքերով մշակվել են աջակցության ծրագրի հիմքում ընկած մեխանիզմները:
Իրականացվել են այցելություններ աղետի գոտի, գնահատվել է անշարժ գույքի վնասվածության աստիճանը: Նշված աջակցության շահառու են հանդիսանում աղետի գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային ընկերությունները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական վայր հանդիսացող ձեռնարկատիրական շինությունների սեփականատերերը»,-նշեց Պոպոյանը:
Նա նաև ավելացրեց, որ այս աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականին առաջացած աղետի հետևանքով աջակցության կամ փոխհատուցման այլ ծրագրերի շահառու կամ սուբյեկտ և ստացել են նույն վնասի համար փոխհատուցում:
Շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի–շինությունների) յուրաքանչյուր 1 քմ համար՝ 6 600 ՀՀ դրամ։
Աջակցության չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1 200 000 ՀՀ դրամը։
Նա նշեց, որ մի քանի բաղադրիչով են հաշվարկելու աջակցությունը: