15/08/2024 12:05
Տավուշի և Լոռու մարզերի աղետի գոտիների տարածքում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը փոխհատուցում կտրամադրվի
Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
2024 թվականի մայիսի 25-26-ը հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ առաջացել են ֆինանսական խնդիրներ՝ կապված գյուղատնտեսական կենդանիների անկման կամ կորստի, ինչպես նաև պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների ոչնչացվելու կամ կորստի կամ վնասվելու հետ։
Հաշվի առնելով, որ ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի կորուստը արձանագրվում է ըստ ծառի քանակի, նախագծով փոխհատուցումը դիտարկվել է ըստ տնկանյութի արժեքի, ծառի տնկման և հողախառնուրդի արժեքի և խնամքի ծախսերի (տնկանյութի արժեքը` շուրջ 800 դրամ, տնկում և հողախառնուրդ՝ շուրջ 200 դրամ, 1 տարվա խնամքի ծախսեր՝ շուրջ 1500 դրամ, 5 տարվա համար՝ 7500 դրամ), որը կկազմի շուրջ 8500 դրամ 1 ծառի հաշվով, իսկ վնասվածի դեպքում՝ շուրջ 1500 դրամ 1 ծառի հաշվով:
Ինչ վերաբերում է միամյա բույսերին, ապա փոխհատուցումը դիտարկվել է ըստ մշակաբույսերի տեսակների 1 հա-ի վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվով։ Այսպես, համաձայն օպերատիվ տեղեկատվության, բանջարային մշակաբույսերի համար 1 հեկտարի հաշվով կատարվող ծախսերը կազմում են շուրջ 1,7 մլն դրամ, կարտոֆիլինը՝ 1,5 մլն դրամ, եգիպտացորենը՝ 500 000 դրամ և այլն։ Հաշվի առնելով, որ վնասված տարածքները հիմնականում փոքր հողատարածքներ են, ապա փոխհատուցվող գումարի հաշվարկը կատարվել է հիմնականում քմ-ի հաշվով։
Տնամերձ հողամասերի համար հաշվարկը կատարվել է ընդամենը 700 քմ մակերեսով տնամերձ այգու հիմնման, առաջին տարվա խնամքի և 1 տարվա ակնկալվող բերքից ստացված 50% եկամուտի հաշվով։
Տարերային աղետի հետևանքով անկած, կորսված գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղվաընտանիքների արժեքի և փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները․
Խոզերի արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվել է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (խոզերի համար 60%), որոշվել է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ խոզի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
Խոշոր եղջերավոր կենդանիների արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվում է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (տավարի համար՝ 50%), որոշվում է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ տավարի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
Մանր եղջերավոր կենդանիների արժեքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 1 գլխի հաշվով ստացվող մսեղիքի իրացման արժեքը։
Մեղվափեթակի, ճագարների, թռչունների արժեքը հաշվարկելու համար հիմք է ընդունվել 1 միավորի միջին շուկայական արժեքը։