15/08/2024 21:09
Վճռական օրեր են սպասվում․ Բագրատ Սրբազան
Նուբարաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց՝ սեպտեմբերին պայքարի նոր փուլ սկսելու մասին իր հայտարարությունից շատերը ցնցվել են։
«Երեկ մի արտահայտություն եմ արել, ոմանք ցնցվել են դրանից։ Ուզում եմ կրկնել, ժողովուրդ ջան, որովհետև գիտեմ՝ ձեր սպասումներն էլ նույնն են։ Այո, սեպտեմբերին տեղի է ունենալու այն, ինչը որ մայիսի 9-ին հարյուր հազարավոր մարդկանց մտքերի մեջ կար։ Ովքեր որ կարծում են, թե մենք չենք պատրաստվում դրան, սխալվում են»,- ընդգծեց Սրբազանը։
Պայքարի նոր փուլին դիմակայելու համար իշխանություններն ահաբեկություններ են սկսել, ինչը վկայում է նրանց վախերի մասին, նշեց Բագրատ Սրբազանը։
«Եթե նրանք հանգիստ լինեին, չէին անի այդ ահաբեկությունը։ Վստահաբար՝ չէին անի։
Բայց ասացի այն, ինչ ասացի․ վճռական, կարևոր օրեր են մեր դիմաց։ Նախապատրաստվելով՝ առաջ ենք գնում։ Բոլոր իմաստներով առաջ ենք գնալու»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ պայքարի դրական, բարոյական, արժեքային գաղափարախոսությունը չի փոխվելու, Ճշմարտության հաղթանակ լինելու է․
«Մեր պայքարը Ճշմարտության մասին է, Ճշմարտությունը պետք է հաղթի»։