15/08/2024 09:59
«Փաստ». «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը քննարկվելո՞ւ է գագաթնաժողովի ժամանակ
«Փաստ» թերթն անդրադարձել է սեպտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովին և գրել է. «Աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող պետությունն այդ գագաթաժողովին քննարկելու է Հայաստանի և Սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, հայապահպանությանն ուղղված քայլերը, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում:
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և Սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթաժողովը կհյուրընկալի Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի: Ի դեպ, օգոստոսի սկզբից քաղաքական որոշ կառույցներ Երևանում տարբեր ձևաչափերով համաժողովներ են անցկացնում, Սփյուռքի և Հայաստանի հետ առկա խնդիրներ մատնանշում, որոշ դեպքերում՝ նաև լուծումներ առաջարկում, օրակարգ ձևավորում գագաթաժողովում բարձրաձայնելու համար: Իսկ մամուլը վերջին երկու ամսում պարբերաբար անդրադարձել է սեպտեմբերին անցկացվելիք գագաթաժողովին, նաև մատնանշել, որ գագաթաժողովի ժամանակ կարելի է առաջ մղել «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և քննարկել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Արտառոց է, բայց մինչ օրս Հայաստանը չունի «Հայրենադարձության մասին» օրենք, թեպետ հայրենադարձության, Սփյուռքի ներուժը հանուն Հայաստանի օգտագործելու թեմաներն ամենաքննարկվողներից են մեր երկրում և արտերկրի հայկական գաղթօջախներում։
Ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները ցանկանում են օրենքի նախագիծը քննարկել հենց գագաթաժողովում՝ ստանալու նաև սփյուռքյան կառույցների հավանությունը: Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ գագաթաժողովի ընթացքում նաև առաջարկվում է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Բնականաբար, Փաշինյանը գագաթաժողովին մասնակցելու համար փորձում է իրեն լոյալ խմբերին հրավիրել Հայաստան, ինչպես նաև Սփյուռքում ամրապնդել սեփական դիրքերը։ Մինչդեռ Սփյուռքում ավանդական շատ կառույցներ ընդդիմադիր են և բացասաբար են տրամադրված գործող իշխանություններին՝ նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականության պատճառով։ Վկան՝ 44-օրյա պատերազմից հետո եվրոպական մի շարք երկրներում Փաշինյանի դեմ բողոքի գործողություններն էին: Արդյունքում մի շարք անվանի սփյուռքահայերի՝ ՀՀ մուտքի արգելքներ մտցվեցին։ ...
«Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա պահպանել հայկական համայնքների ինքնությունն ու ինքնատիպությունը, հնարավորություն կստեղծի աշխարհասփյուռ հայերի համար վերադառնալ հայրենիք, նաև պետական օժանդակություն կցուցաբերի այդ հարցում։ Միևնույն ժամանակ, հարկավոր է զերծ մնալ խնդրի քաղաքական կոմպոնենտի շահագործումից, այսինքն՝ ՀՀ և Սփյուռքի հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն միայն քաղաքական բաղադրիչներով։ Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ուղղությունները, նաև հաշվի առնել տարբեր հայկական համայնքների շահերը, համադրել դրանք, օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։
Կարծում ենք, որ հատկապես այսօր, երբ որոշ պետություններում իրավիճակը լարված է, իսկ հայ համայնքը՝ վտանգված, «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը չափազանց կարևոր է։ Իսկ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է խորհրդարան ուղարկեն օրենքի նախագիծը, անհրաժեշտ կոնսենսուսով փոխադարձ ընդունելի ձևակերպումներ արձանագրեն, ընդհուպ խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցեն։ Այս հարցը չի կարելի ներքաղաքական պայքարի և նեղ կուսակցական շահերի միջոց դարձնել։ «Հայրենադարձության մասին» օրենքը կարող է դառնալ կարգավորիչ «օգնություն» հայկականության բանաձևի իրականացման գործում»։