16/08/2024 10:16
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Չնայած այն հանգամանքին, որ պատմության նոր դասագրքերից հանվել է Օշականի ճակատամարտի մասին մի գլուխը, այդ օրերի իրադարձությունները մնում են մեր հիշողության մեջ։ Մենք չենք մոռանա հայրենիքի և սրբավայրերի պաշտպանության համար ոտքի ելած զինվորների հերոսությունն ու անձնազոհությունը»,- նշել է Կոպիրկինը:
ՀՀ-ում ՌԴ դեսպանը ընդգծել է․ «Ռուսաստանը անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը, և այդ փաստը չի կարող չեղարկել պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ»։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ից նախօրեին մեկնաբանել էին Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հատվածը, որտեղ ներկայացվել է ռուսական կայսրության «բռնակցումը» Հայաստանին՝ նշելով, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում ռուսական կայսրության, իսկ հետագայում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը՝ ներկայիս Հայաստանի կայացման գործում։