16/08/2024 12:23
Ակնհայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային շփումներ՝ Արևմուտքի զգալի միջնորդությամբ. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Ինչ ստվերային պայմանավորվածություններ կան Ադրբեջանի հետ
Հայաստանյան կիսամեռած կյանքում որոշակի իրարանցում առաջացրեցին Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձևակերպումները։
Բացառապես որոշ զլմ-ների, հանրային-քաղաքական գործիչների, փորձագետների մի փոքր անվանացանկի շնորհիվ Հայաստանը թեթև կենդանության նշաններ ցույց տվեց՝ իր ճակատագրի մասին արված ձևակերպումների ֆոնին։
Ակնհայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային շփումներ՝ Արևմուտքի զգալի միջնորդությամբ, և կարծես, թե ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։
Ունեմ հիմնավոր վարկած, որ իսկապես ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն. Ալիևն օգնելու է այս իշխանությանը՝ վերարտադրվել։ Գինը Հայաստանն է։
Ալիևը սեպտեմբերին ավարտում է իր ընտրական ցիկլերը և բանակցել է Ադրբեջանի շահերի համար։ Արևմուտքը բանակցել է իր ստրատեգիական շահերի, իսկ Հայաստանը բանակցել է հանուն Նիկոլի իշխանության։ Բանակցությունների հենց այս սկզբունքային նրբությունն էլ հնարավորություն է տվել՝ հասնել պայմանավորվածությունների։
Դրա տեխնոլոգիական ընթացքը կարող է լինել այսպիսին. մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանը Նիկոլին տալիս է հայ հասարակության վրա խաղաղության էմոցիաներ ծախելու հնարավորություն, գուցե՝ ինչ-որ նախաստորագրված թղթի կտոր, մեղմված հռետորաբանություն, Հայաստանի հետ վերջնական խաղաղություն ունենալու հրապարակային խոստումներ և այլն։ Գուցե պրոքսի գործիչներով սպառնալիքներ՝ Նիկոլ մերժելու դեպքում ինչ կլինի և այլն։
Այս ամենի դիմաց Ալիևն ամենայն հավանականությամբ ստացել է իր ուզածը՝ Հայաստանյան ընտրություններից հետո, այս իշխանության վերարտադրումից հետո՝ իր ստրատեգիական պահանջների բավարարում՝ միջանցք, փախստականների վերադարձ, անկլավներ և այլն։ Չի բացառվում, որ պայմանավորվածությունները կարող են այլ որակի լինել։
Պետականության և անվտանգության թեմաներով գուշակություններ չեն անում և չեն ապավինում «գուցե պլստանք» ամենակործանարար հույսին։
Այս և այլ հրեշավոր սցենարներին դիմակայելու համար Հայաստանը պետք է դուրս գա իր անմիտ վիճակից ու քաղաքական բովանդակություն տա իր ներկային ու ապագային։ Փախստականների մեծ՝ 2.5 մլն-անոց ճամբար հիշեցնող մեր վիճակից պետք է անցնել պետություն ունեցող և պահելու որոշմամբ հասարակություն։ Իսկ սա հնարավոր է միայն նոր քաղաքական-հանրային միավորների, ձևաչափերի ստեղծմամբ, որոնք հասարակությանը կունենան ասելու և առաջարկելու բան։
Մենք չենք ուզում ընդունել, և իսկապես շատ ցավոտ է ընդունել, որ Հայաստանն այսօր արտադրում է միայն էմոցիաներ ու պարզունակ պատկերացումներ։ Ունենք ամեն ինչ՝ ռուսին, ամերիկացուն թշնամի համարող շերտեր, Իրանին ամենափրկիչ տեսնողներ, Նիկոլ անիծողներ և նախկիններին ատողներ... Էմոցիաների ամբողջ սպեկտրն ունենք։ Իսկ իրականության սթափ ընկալում ունեցող և լուծումներ տեսնող միավորների ու անհատների թիվը չափազանց փոքր է։
Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունները, որոշակի զարգացումների դեպքում, Ադրբեջանը խախտելու է. դրան էլ պետք է պատրաստ լինել։ Եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ մեծանա՝ Իրանի ներգրավվածությամբ, կամ ռուս-ուկրաինական պատերազմի ծավալները մեծանան, ապա Ալիևը թքած է ունենալու թե´ COP-29-ի, թե´ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների, թե´ Արևմուտքին տված ինչ-ինչ հավաստիացումնեդրի վրա, և օգտվելու է իրավիճակից։
Առաջիկա փուլի մեր խորքային խնդիրը անմիտ Հայաստանից (լավագույն դեպքում՝ էմոցիոնալ) քաղաքական Հայաստանի վերածվելն է»։