16/08/2024 13:11
«Բռնակցվել» տերմինը կփոխվի. ԿԳՄՍՆ-ն` «Հայոց պատմության» դասագրքի աղմկահարույց ձևակերպման մասին
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսակ Կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին News.am-ին հայտնել են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
Նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ մեկնաբանելով ձեւակերպումը, նշել է, որ սա վրիպակ չէ. «Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարևոր կարգավորում ունենք, դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության պաշարների շտեմարանում կամ ԴՇՀ-ի կայքում, տրվում է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դասագիրքը օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դասագրքերի հետ: Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, վերանայել՝ մինչև տպագրության գնալը»,- ասել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել էր հայկական կողմին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ դպրոցներ մտնի ութերորդ դասարանի պատմության դասագիրքը։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, որ վիճելի բովանդակությամբ այս դասագրքի գլուխներից մեկում խեղաթյուրված են ներկայացված պատմական փաստերը․ «Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջի և19-րդ դարասկզբի իրադարձությունները՝ Հարավային Կովկասում։ Մասնավորապես, վերաձևակերպվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի պայմանագրով հաստատված խաղաղությունը ներկայացվում է ոչ ավելի, ոչ պակաս՝ Արևելյան Հայաստանի «անեքսիա»։