16/08/2024 11:46
Կիմ Չեն Ընը Պուտինին գրել է, որ Ռուսաստանը «կհաղթի հանուն խաղաղության և արդարության սրբազան պատերազմում»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը «կհաղթի հանուն խաղաղության և արդարության մղվող սրբազան պատերազմում»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 15-ին նշվող Կորեայի ազատագրման տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռագրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ընկեր Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ ռուսաստանյան տոկուն ժողովուրդն՝ ընկեր Պուտինի եռանդուն ղեկավարությամբ, վճռականորեն կպաշտպանի պետության ինքնիշխան իրավունքներն ու անվտանգության շահերը և անպայման կհաղթի տարածաշրջանում խաղաղության և միջազգային արդարադատության հասնելու սրբազան պատերազմում»,- հաղորդման տեքստն է մեջբերում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
Իր հեռագրում ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել է, որ «երկու երկրների բանակների և ժողովուրդների միջև եղբայրությունը, որն ամրապնդվել է ընդհանուր թշնամու դեմ արյունալի պայքարի ընթացքում, այսօր ծառայում է որպես հզոր շարժիչ ուժ, որը հնարավոր է դարձնում զարգացնել ավանդական կորեա-ռուսատանյան բարեկամության և համագործակցության հարաբերությունները որպես համապարփակ ռազմավարական գործընկերություն, ինչպես նաև խթանել ուժեղ պետությունների կառուցումը և բազմաբևեռ նոր աշխարհի ստեղծումը։
Կիմ Չեն Ընն իր ուղերձում անդրադարձել է Ճապոնիայի դեմ ԽՍՀՄ պատերազմին, որը Խորհրդային Միությունը սկսել է 1945 թվականի օգոստոսի 9-ին։
Կորեայի ազատագրման համար մղվող մարտերում ավելի քան 4,7 հազար խորհրդային զինծառայող է զոհվել կամ վերքերից մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։