16/08/2024 18:35
«Հայոց պատմության» 10-րդ դասարանի դասագրքի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող որոշ առարկաների դասագրքեր չկան։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Օրինակ՝ չկա 10-րդ դասարանի հայոց պատմության առարկայի դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել։
«Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»,- ասել է Սվաջյանը։
Նրա խոսքով՝ որոշ դասարանների «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները:
Այս առարկաների համար այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն: