16/08/2024 17:00
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազարյանը «սահմանազատված» Կիրանցի նոր կառուցվող դպրոց է այցելել, ցուցումներ տվել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կիրանց է այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք կոմիտեի տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, թե Վարդանյանը հետևել է Կիրանցի դպրոցի կառուցման ընթացքին։ Կիրանցի նոր դպրոցը, հիշեցնենք, Ադրբեջանի հետ նոր «սահմանից»՝ գյուղը կիսած պատից ընդամենը մետրերի հեռավորության վրա է գտնվում։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով մտահոգություններին, որ թշնամին «սահմանազատումից» հետո պարզ դիտարկելու է Կիրանցի նոր դպրոցը, խորհուրդ էր տվել շրջակայքում ծառեր տնկել։
«Սահմանազատումից» հետո ծառատունկ դեռևս չի իրականացվել, սակայն իշխանությունները խոստանում են, որ սեպտեմբերին Կիրանցի նոր դպրոցը կշահագործվի։
«Տավուշի մարզում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։ Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։