16/08/2024 09:50
«Հրապարակ». Փաշինյանն արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արևմտամետներն ուզում են ՍԴ դիմել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտքի գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի, և արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ։
Պարզվում է՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վերջերս գրանտ է հատկացրել ուկրաինացիներին, որի նպատակը, մեղմ ասած, հակառուսական քարոզչությունն է: Այդ նպատակով նաև տելեգրամյան ալիք է բացվել՝ «Հակաֆոսֆոր» անվամբ։
Ավելին, դեսպանությունն այդ մասին հրապարակել է նաև իր պաշտոնական էջում` կոչ անելով մարդկանց` հետևել այդ ալիքին և տեղեկացված լինել շարունակվող հակամարտության ուկրաինական մեկնաբանություններին, որպեսզի «Ուկրաինայի վերաբերյալ ապատեղեկատվությունը» տարբերեն. «Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից ֆինանսավորվող այս նախագիծը նպատակ ունի պայքարել ապատեղեկատվության դեմ՝ թափանցիկ, վստահելի տեղեկատվության միջոցով», - նշված է դեսպանատան էջում տարածված տեքստում։
Ալիքի անունը, հավանաբար, կապված է այն փաստի հետ, որ 44-օրյա պատերազմում Արցախի դեմ կիրառված ֆոսֆորային զենքը ոմանք համարում էին, որ Ուկրաինան է տրամադրել»։