17/08/2024 14:38
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն Իրանին կոչ են արել հրաժարվել Իսրայելի վրա հարձակման սպառնալիքներից
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Դևիդ Լեմին և Ստեֆան Սեժուրնեն Իսրայել և Պաղեստինյան օկուպացված տարածքներ կատարած համատեղ այցից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ֆորին Օֆիսի հրապարական փաստաթղթում նշվում է, որ նախարարները կիսում են շահագրգռվածությունն Իսրայել Պետության անվտանգության և տարածաշրջանի կայունության հարցում:
«Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը երբևէ այսքան մեծ չի եղել, և մենք պետք է հիմա հասնենք ապաէսկալացիայի։ Մենք կոչ ենք արել Իրանին և նրա աջակցությունը վայելողներին՝ հրաժարվել Իսրայելի վրա ռազմական հարձակման շարունակվող սպառնալիքներից»,- ասված է համատեղ հայտարարության տեքստում։
Նախարարները լիակատար աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին՝ ուղղված Գազայում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելուն:
«Մենք կրկին հայտարարում ենք, որ միայն միջազգային իրավունքի շրջանակներում երկու պետությունների ստեղծման որոշումը կարող է արդար և հարատև խաղաղություն բերել ինչպես իսրայելցիներին, այնպես էլ պաղեստինցիներին: Մենք խստորեն դատապարտում ենք Արևմտյան ափի վերաբնակիչների կողմից բռնությունները, որոնք սպառնում են ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների անվտանգությանը և կարող են վտանգել ներկայիս դիվանագիտական ջանքերը»,- ասված է փաստաթղթում: