19/08/2024 18:05
Բաղանիս-Այրումից վերև, Ադրբեջանին նոր հանձնված տարածքի բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել
Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է հրապարակել Ոսկեպար-Բաղանիս հատվածից ու գրել․
«Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում եմ լուսանկարել։ Բաղանիս-Այրումից վերև, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքից բարձր՝ բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել, որի կողքին մշտապես կանգնած է ռադիոհետախուզական սարքավորումներով հագեցած արծաթագույն «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։ Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը։ Սահմանամերձ Ոսկեվանից Կոթի գնալիս, նաև միջպետական ավտոճանապարհով սահմանամերձ Բերդավանից Զորական գյուղ գնալիս, երբ վարորդները մեքենայում մագնիտոֆոն կամ հայկական ռադիոալիքներ են միացնում, եթերում միայն ադրբեջանական ռադիոալիքներ են լինում։ Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության , խաղաղության պայմանագրի մասին ճամարտակողները կամ իրենք են մոլորված կամ դիտմամբ Հայաստանի հանրությանը մոլորեցնում են։ Խաղաղության պատրաստվող Ադրբեջանը սահմանում ռադիոհետախուզությունը չէր ուժեղացնի»։