20/08/2024 12:56
Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել. ՍԱՏՄ-ն` ՌԴ արտահանվող հայկական կոնյակի 90%-ն անվտանգ չլինելու մասին
Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական կողմի տարածած այն հայտարարության մասին, թե ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը չի համապատասխանում պետության ստանդարտներին. այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Լրատվամիջոցների հրապարակումներն են զուտ, պաշտոնական ոչինչ չկա։ Հիմքերը կգան, ծանուցում կգա, որից հետո միայն կարող ենք որևէ մեկնաբանություն տալ»,-ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նա նշեց, որ քանի որ պաշտոնական ոչինչ չկա, տեղյակ չեն նաև, թե, մասնավորապես, որ ապրանքանիշների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի ու Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ նշվել է, ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի «գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ»։