20/08/2024 12:44
Փոքր Վեդիում տղամարդը կեղծ թղթադրամով գյուղմթերք է գնել․ նա հայտնաբերվել է և ձերբակալվել
Օգոստոսի 19-ին, ժամը 23-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Փոքր Վեդի գյուղում փողոցային առևտուր անելիս իրեն վճարել են կեղծ դրամ: Հայտնել է նաև, որ վճարողները եղել են «Նիսան» մակնիշի մեքենայով և գնացել են դեպի Ջերմուկ:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է ահազանգի հետքերով:
Պարզվել է, որ գյուղմթերքի վաճառքի կետ մոտեցած մեքենայի վարորդը վճարել է 10 հազար դրամանոց և մթերքից բացի ստացել նաև 6750 դրամ մանրը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները, համագործակցելով Արարատի մարզի պարեկների հետ, պարզել են վարորդի ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 41-ամյա տղամարդ:
Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց, Երասխ-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում վարորդն ու իր ուղևորը` երևանցի 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժին: Այստեղ պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է ոչ թե վարորդը, այլ ուղևորը:
Անձնական խուզարկությամբ ուղևորի դրամապանակում հայտնաբերվել է 17 հատ 10 հազար և 11 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամ:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և տղամարդկանց հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: «Նիսանը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: