20/08/2024 20:09
Իշխանությունը «Հրթիռների գործով» դատավարության հրապարակայնությունը սահմանափակել է, փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել» այն․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:
Ճիշտ է` կոնկրետ այս գործը, որով Տոնոյանից բացի, անցնում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, քիչ առնչություն ունի 44-օրյա պատերազմի հետ և ստացել է «հրթիռների գործ» անվանումը, սակայն ես ևս կողմ եմ, որ այդ գործով դատավարությունը բաց լինի:
Հասկանալի է, որ գործի որոշ կոմպոնենտներ գաղտնի բնույթ ունեն, սակայն փակ ռեժիմը պետք է լինի միայն գաղտնի էլեմենտների պարագայում, այլ ոչ թե ամբողջապես:
Այս դատավարությունը ամենաշահարկվողներից է, և իշխանությունն ամեն ինչ արել է «աննախադեպի» տակ որպես բացահայտում ներկայացնել, սակայն հրապարակայնությունը սահմանափակել է, որովհետև փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել»:
Ավելին` ես պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել:
Խոսքը ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործի մասին է: Վերջինս 1.5 տարուց ավելի կալանքի տակ է, իսկ այս գործով ՊԲ մեծ թվով զինծառայողներ են անցնում:
Ինքը ևս` Արզումանյանը, պահանջում է բաց դատավարություն, սակայն իշխանությունը հասկանալի պատճառներով մերժում է»: