20/08/2024 10:36
Կոտայքում ծեծել են որսորդմիության անդամին և վերցրել հրացանը
Օգոստոսի 14-ին Կոտայքի մարզում ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հակոբ Ա․-ին, ով բնակվում է Արգել գյուղում, որսորդմիության անդամ է, նույն գյուղում իրեն ծեծի են ենթարկել և տան մոտ կայանված իր ավտոմեքենայի սրահից վերցրել են իր ինքնաձիգը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն օրը Հակոբ Ա․-ն հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Արգել գյուղի 52-րդ հասցեի դիմաց ավտոմեքենան կայանելու հետ կապված վիճաբանել է ոմն Մայիսի հետ, որից հետո նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, վերջինս իր ընկերների հետ վերադարձել է և, շարունակելով վիճաբանությունը, ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նա նշել է նաև, որ վիճաբանության ընթացքում ոմն Մայիսի ընկեր Գարիկն իր ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող և իր անվամբ հաշվառված «Սայգա 410» մոդելի հրացանը։