20/08/2024 10:07
«Հրապարակ». Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ նրանք, կարելի է ասել` խռով են, չեն խոսում, անգամ չեն բարևում իրար։ Օգոստոսի 17-ին` Կապանի, օգոստոսի 18-ին Քաջարանի տոնն էր։ Քաղաքապետերն իրենց անունից հրավերներ էին ուղարկել Սյունիքի մարզից ընտրված ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին, մարզպետին։ Սակայն ՔՊ-ականներից միայն պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր ընդունել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հրավերը։ Ի դեպ, Դավիթ Դանիելյանը Կապանի համայնքապետի թեկնածուներից էր և ժամանակին պարտվել է Գևորգ Փարսյանին: Մարզպետը չէր եկել, անգամ իր տեղակալ Նարե Ղազարյանին չէր ուղարկել, ով ավելի շատ մարզպետին ուղեկցողի դերն է ստանձնել` մասնակցում է այն միջոցառումներին, որոնց մարզպետն է մասնակցում։
«Հրապարակը» Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե ինչու մարզպետը չի մասնակցում նման մասշտաբի միջոցառման, ասաց՝ չեկողներին հարցրեք, ինքը հրավերն ուղարկել է։ Մարզպետը նույն հարցին ի պատասխան ասաց, թե զբաղված է եղել, ֆիզիկապես չի հասցրել։ Բայց հաջորդ օրը Քաջարանի տոնին մասնակցում էր ոչ միայն ինքը, այլև իր տեղակալ Ղազարյանը, աշխատակազմից այլ անձինք, ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Դավիթ Դանիելյանը, Մարինա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, այլք։ ՔՊ-ականները Քաջարանում կերել-խմել են, ուրախացել ու մնացել մինչև ուշ գիշեր։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ»։