ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով։ Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը։
Հանձնաժողովն իր որոշման մեջ նշել է, որ 2022 թ–ի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյան կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածը։Ըստ օրենքի` բոլոր դրամական վճարումները պետք է կատարվեն անկանխիկ, մինչդեռ ընդհանուր 11 մլն 387 հազար դրամով կանխիկացումներ են եղել։
Նշվում է, որ հանձնաժողովը այս տարվա ապրիլի 1–ին կուսակցությանն է ուղարկել գրություն, որով խնդրել է կուսակցության 2022 թ. բոլոր բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ։ Դրան ի պատասխան ՔՊ–ն 7 օր անց ներկայացրել է պահանջվող ամբողջ տեղեկությունները, որոնց ուսումնասիրման արդյունքում էլ պարզվել է, որ 2022 թ. ընթացքում իրականացվել է ընդհանուր 11 մլն 387 հազար դրամի կանխիկացում։
Սուրեն Պապիկյանը հրավիրվել է մասնակցելու հանձնաժողովի նախաձեռնած գործի քննությանը և պարզաբանումներ ներկայացնելու, սակայն նա չի ներկայացել։ Արդյունքում օգոստոսի 16–ին հանձնաժողովը որոշում է կայացրել առանց նրա ներկայության։
Հանձնաժողովը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կանխիկացումները եղել են բանկոմատների միջոցով, սակայն այդպես էլ հնարավոր չի եղել պարզել՝ ուր են ուղղվել այդ գումարները։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: