21/08/2024 11:43
Ռուսաստանն Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը ոտնահարված են, ավելին՝ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման:
Էթնիկ զտումը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության պայմաններում: Չեմ ասում, որ մեր աղետալի պարտության մեղավորը Ռուսաստանն է:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հերթական հայտարարությունը Արաքսի ափով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն հաստատելու շուրջ՝ ռուսական վերահսկողության տակ, նշանակում է հետևյալը՝ Ռուսաստանը Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար:
Չեմ ասում, որ վաղն Ադրբեջանը պատերազմ է սկսելու:
Չպետք է նեղվել և նեղանալ Լավրովի խոսքերից, նա գերտերության արտգործնախարար է, որի շահերը այսօր համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Պետք է կառուցել արտաքին քաղաքականություն՝ հրաժարվելով արատավոր և պարզունակ հավերժ բարեկամ, հավերժ թշնամի փակ շղթայից:
Խոսքը Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ: Հակառակը, պետք է փորձել ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս երրորդ երկրների հետ դիվանագիտության հիմքում պետք է դնել սառը իրապաշտությունը»: