21/08/2024 09:50
«Ժողովուրդ». Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել: Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ՝ դժվար է ասել, բաց նա իր պաշտոնական կենսագրության մեջ գրել է, որ 2013-2017 թվականներին, լինելով պետական ծառայող, աշխատելով ազգային վիճակագրության ծառայությունում, միաժամանակ 2010-2018 թթ. զբաղվել է բիզնեսով: Ծայրաստիճան հակաօրինական արարք, որի պատճառով բազմաթիվ ընդդիմադիրներ այժմ հալածվում են գործող իշխանությունների կողմից։
Կարձագանքի՞ այս` ապացույց որոնելու կարիք չունեցող ակնհայտ փաստին ՀՀ Հակակոռուպցիոն կամ կոռուպցիան կանխարգելելու կոչված որևէ մարմին, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ կառույցներից մեկը ղեկավար չունի, մյուսը՝ քաղաքական ցուցում:
«Ժողովուրդ» օրաթերթը ամեն դեպքում դիմեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ով մեզ հետ զրույցում բացատրեց. «Ես որևէ անհամատեղելի աշխատանք չեմ կատարել։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը համատեղել եմ իմ բիզնեսի հետ և ոչ մի անօրինական բան չեմ արել: Ժամանակի առումով էլ չէի կարող ինչ-որ բան անել. մեզ մոտ, նկատի ունեմ՝ վիճակագրական կոմիտեում, մարդահամար է անցկացվում, ժամանակավոր, պայմանագրային աշխատողների են վերցնում, յուրաքանչյուր գյուղում մի քանի հոգի պահանջվում է»։
Ամենայն հավանականությամբ, Սերգեյ Մովսիսյանը պայմանագրային աշխատանք է իրականացրել պետական համակարգում՝ իր բիզնեսի հետ միաժամանակ, սակայն անգամ դա դժվարացավ բացատրել»։