22/08/2024 11:39
Հովիվների պրոբլեմ կա, չեն կարող հովիվ գտնել, որ ոչխարաբուծությունը զարգանա. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հաստատել է ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կներկրվի 10.000 գլուխ ոչխար ու այծ։
«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով կբարելավվի տավարի տոհմային հատկանիշները և կբարձրացվի անասունի մթերատվությունը։ Իսկ մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով մարզերը կհամալրվեն 10.000 մեղվաընտանիքներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց ՀՀ-ում այդպես էլ չեն կարողանում ոչխարաբուծությունը զարգանել։
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է գառների ներմուծումը, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահանումը»։
«Երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս ամենաանսպասելի պատասխանը, Ծիլքար գյուղում ասացին, որ հովիվների պրոբլեմ կա։ Չեն կարող հովիվ գտնել, որովհետև ոչխարն այն տեսակն է, որին արոտավայրերում պետք է հովիվները արածեցնեն։ Պատասխանները պետք է կյանքից վերցնել, մեր ոչ մի փաստաթղթում մենք դա չենք կարդացել, համոզված եմ, չենք էլ կարդա»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև. «Մենք էս պրոռբլեմը, այնուամենայնիվ, լավ չենք հասկանում, այս պրոբլեմը ճանաչելու ու հասկանալու խնդիր ունենք»։