22/08/2024 13:39
Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության. Պապոյան
Մենք ՌԴ-ից որևէ պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել հայկական կոնյակի որակի վատ լինելու վերաբերյալ, ես կարող եմ մեկնաբանել միայն պաշտոնական փաստաթղթեր, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մեզ համար հայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը պարզապես հարցեր չեն: Հայկական կոնյակը բրենդ է, և մենք հիմա ԵՄ ծրագրերից մեկի շրջանակում աշխատում ենք բրենդի կայացման վրա, և սա մեզ համար շատ թանկ է: Իմ կարծիքով՝ մենք 2025 թվականից պետք է գնանք հետևյալ ճանապարհով՝ ստեղծել իզոտոպային լաբորատորիա, եթե չհաջողվի, կդնենք պահանջ՝ Եվրոպայում իզոտոպային լաբորատորիայի: Այսինքն՝ Հայաստանից, եթե կոնյակի սպիրտ արտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ», - նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք քաղաքական նկատառումներ կան, քանի որ հենց լարվում են հայ-ռուսական հարաբերությունները, տնտեսվարողների վերաբերյալ նման հայտարարություններ են անում ՌԴ-ից՝ Պապոյանն արձագանքեց.
«Մեր տնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքների որակն անընդհատ բարձրանա և լինի պատշաճ մակարդակի։ Մենք կարողանանք բոլոր երկրներում վաճառել ապրանքներ և որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում էլ ցույց տանք միջազգային լաբորատորիաներից ստացված փորձաքննության արդյունքները: Ես Էկոնոմիկայի նախարարն եմ և պետք է ամեն ինչ անեմ, որ իմ նշված խնդիրները լուծվեն»:
Պապոյանը շեշտեց, որ մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ. «Այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում են մեր բոլոր կոնյակները և դա անցնում է ՌԴ-ում: Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության: Նույն հայկական ու ռուսական շուկայի համար մենք արտադրում ենք 2000 դոլարանոց կոնյակ և դա ազգային հպարտություն է»:
Հիշեցնենք, որ օրերս «Հակակոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի եւ Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, ռուսաստանյան խանութներում վաճառվող հայկական կոնյակների 90 տոկոսն «անվտանգ չէ, արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ»: