22/08/2024 15:17
Աճու՞րդ, թե՞ ուղղակի վաճառք․ իշխանություն և փող ունեցողները հողամասեր են գնում Ծաղկաձորում․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «Վերջին երեք տարիներին հողի վաճառքը մեծ չափերի է հասել Ծաղկաձորում։ Պահանջարկ ունեն բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը, որովհետև իշխանություն և փող ունեցողները քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ են կառուցում։ Հանգստյան և տուրիզմի քաղաք Ծաղկաձորի հողերի մեծ մասն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող հանգստյան գոտու և անտառային հողեր են։ Համայնքապետարանը մի կողմ է դրել քաղաքի գլխավոր հատակագիծը և վաճառքի է հանել այդ հողամասերը։
Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հողերի վաճառքն իրականացում է մի մասը՝ աճուրդի անվան տակ, մի մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձևերի միջև եղած տարբերությունը վաղուց վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ով է գնորդը։ Երկու դեպքում էլ հողամասերը վաճառում են կադաստրային արժեքով։ Աճուրդ–վաճառքների ժամանակ սակարկողներ չեն եղել, բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում կադաստրային արժեքին մի փոքր գումար են հավելել։
2023թ․-ից մինչ օրս Ծաղկաձոր համայնքի ավագանին համայնքապետ Նարեկ Հարությունյանի առաջարկով համայնքային հողերն ուղղակի վաճառքով օտարելու 16 որոշում է կայացրել։ Գնորդները պատահական մարդիկ չեն․ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը եւ այլոք»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։