22/08/2024 09:38
«Ժողովուրդ». Կոտայքի մարզպետի կինն ինչպե՞ս է միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ևս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որևէ այլ տեղ աշխատել։ Մարդը ֆիզիկապես ևս չի կարող միաժամանակ աշխատել չորս տարբեր աշխարհագրական գոտիներում։
Ուսումնասիրելով Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը` նկատում ենք, որ նրա` հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշախատակազմից ստացած գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար` ինչպես է կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում: Վերջինս հորդորեց, որ մեր տեղեկությունը կրկին ճշտենք, քանի որ իր կինը աշխատում է տարածքային զարգացման հիմնադրամում:
Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «պայմանագրով՝ չէ, կարծեմ` պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»:
Սահակյանը ասաց, որ մանրամասն չի տիրապետում հարցին, սակայն հավաստիացրեց, որ իր կնոջ գործում օրենքի խախտում չկա»։