22/08/2024 09:52
«Ժողովուրդ». Սասունիկ համայնքում հողերը վերցնելու են գյուղացիների ձեռքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ սահմաններ գերակա շահ ճանաչելու հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նպատակ ունի Սասունիկ համայնքում հողերը վերցնել գյուղացիների ձեռքից և այնտեղ Ակադեմիական քաղաքի ծրագիրն իրականացնել։ Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք նաև, որ հարցը զեկուցելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ այդ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նկարագրված՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։
Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին։
Ի դեպ, վերջնաժամկետը սահմանված է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ այս ծրագրի իրականացման լիազոր-պատասխանատուն էլ Արագածոտնի մարզպետն է լինելու՝ Սերգեյ Մովսիսյանը։ Հավելենք նաև, որ նշված է՝ այս հայտարարությունը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդող 10-րդ օրը»։