23/08/2024 20:27
Թալիբանն օրենք է ընդունել, որով աֆղանստանցի կանանց արգելվում է երգել ու նայել տղամարդկանց ուղղությամբ, տղամարդկանց էլ արգելվում է փողկապներ կրել
Թալիբանը, որը վերահսկում է իշխանությունը Աֆղանստանում, վավերացրել է 35 հոդվածից բաղկացած օրենք՝ իսլամական ավանդույթներից բխող պարկեշտության նորմերի մասին, հայտնում է EFE-ն։
Մասնավորապես, օրենքով պահանջ է սահմանվել, որ կանայք պետք է անպայման կրեն հիջաբ, որը թաքցնում է դեմքը։
Նշենք, որ հիջաբ կրելու օրենքը թալիբները ընդունել էին դեռևս 2022 թվականին, այժմ դրա հիմքով մշակվել են դրույթներ, որոնք էլ ներառվել են վավերացված օրենքում։
Օրենքով հիմնավորվում է, թե կանայք պարտավոր են քողարկել իրենց դեմքն ու մարմինը՝ գայթակղություն չառաջացնելու համար։ Կանանց արգելվում է նաև հրապարակային ելույթ ունենալ, երգել կամ հասարակական վայրերում բարձր ձայնով խոսել։
Կանանց օրենքով արգելվում է նաև նայել այն տղամարդկանց ուղղությամբ, որոնց հետ նրանք չունեն արյունակցական, ազգակցական կամ ամուսնական կապ։
Օրենքով տաքսիների և հասարակական տրանսպորտի վարորդներին արգելվում է կանանց տեղափոխել՝ առանց նրանց տղամարդ ազգականների կամ ամուսինների ուղեկցության։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց արգելվում է կրել փողկապներ։ Օրենքով սահմանվել է նաև, թե ինչ երկարության մորուք տղամարդիկ իրավունք ունեն աճեցնել։
Օրենքի դրույթները խախտելու համար թալիբների Առաքինության քարոզչության և մեղքերի կանխարգելման նախարարությունը կարող է տուգանքներ կիրառել կամ ձերբակալել աֆղանստանցիներին։