23/08/2024 14:25
Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման հարցում. Կրեմլ
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։
Նշվում է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը՝ նաև հաշվի առնելով Բաքու պետական այցի ընթացքում Պուտինի և Ալիևի բանակցությունները:
Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: