23/08/2024 11:51
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը 10 տարեկան է․ Լուսանկարներ
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդականերգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը:
Փառատոնին մասնակցում են ավանդական երգու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում:
Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են`«Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»:
Յուրաքանչյուր տարի «Գութան» փառատոնը համալրվում է նոր մասնակից խմբերով: Այս տարի Գութանի բեմում առաջին անգամ ելույթ է ունենալու «Ծովակ» խումբը:
Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև էժամանակակից մշակումների: Փառատոնի սկզբունքներից է նաև օգտագործել բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն: Գութանի նպատակն է նպաստել, ներդրում ունենալ հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում:
«Գութան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող: Սա ևս Փառատոնի որդեգրած սկզբունքներից է` արժևորելով նրանց գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում:
Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում: