23/08/2024 15:34
Վոլգոգրադի կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին. կան տուժածներ և զոհ
ՌԴ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդներ են վերցրել հիմնարկի աշխատակիցներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությանը հղումով, միջադեպի հետևանքով կան տուժածներ և զոհ։
Գործակալության փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ։ Միջադեպը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հարձակման ժամանակ սպանվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը։
Հաղորդվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, այժմ գաղութում պատանդներին ազատելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում։
Ռուսական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։