24/08/2024 19:17
Թուրքիայում պղծել են հունական գերեզմանատունը․ Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է անհապաղ պատասխանատվության ենթարկել զազրելի արարքն իրականացնողներին
Հունաստանի արտգործնախարարությունը խոստորեն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող գերեզմանատան պղծումը և թուրքական իշխանություններին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ վանդալներին պատասխանատվության ենթարկելու համար։
«Մենք խստորեն դատապարտում ենք Կոստանդնուպոլսի Թաթուլոն համայնքում գտնվող և հույն ուղղափառ համայնքին պատկանող «Ագիոս Էլեֆթերիոս» գերեզմանատան պղծումը, դա ոտնձգություն է Թուրքիայում ապրող հույն փոքրամասնության պատմության դեմ։ Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին համարժեք քայլեր ձեռնարկել այս զազրելի արարքն իրականացնողների դեմ»,- նշված է Հունաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Ավելի վաղ հունական «Մակեդոնիա» պարբերականն էր հայտնել, որ վանդալները պղծել են Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող պատմական գերեզմանատունը․ ավերել են շիրիմները, կոտրել ցանկապատը, փոսեր փորել։ Տեղի ունեցածը դատապարտել է նաև Թուրքիայում հունական համայնքը՝ տեղի ունեցածը գնահատելով որպես իրենց կրոնական արժեքների դեմ ուղղված քայլ։