24/08/2024 09:36
«Ժողովուրդ». Պատրաստվում են 300.000 ստորագրություն հավաքել, որպեսզի օրենքի ուժով հանրաքվեի կայացմանը հասնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. օգոստոսի 19-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ ներկայացնելով Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկն ու խոսելով դրա անհրաժեշտությունից։ Նրանք հայտարարեցին, որ հարցնելու են ժողովրդի կարծիքը և այդ նպատակով սկսելու են ստորագրահավաք, որպեսզի ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե անցկացվի ՀՀ-ում:
50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ նրանք հնարավորություն ունեն հարցը ներկայացնելու ԿԸՀ-ում, ապա Ազգային ժողովում: Ասուլիսի ժամանակ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը պարզաբանեց, թե ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի խոսի ժողովուրդը, ոչ թե ժողովրդի անունից խոսեն պաշտոնյաները, քաղաքական գործիչները։
«Ժողովուրդ» օրարթերթի տեղեկություններով՝ նախաձեռնողներն արդեն ավարտել են իրենց աշխատանքները և փաստաթղթերը հանձնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով. այժմ սպասում են, որ ԿԸՀ-ն ստուգի փաստաթղթերի հավաստիությունը, ապա որոշում կայացնի: Տեղեկացանք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նախագծի համակարգողներից որոշ ժամանակ է խնդրել՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Ամենայն հավանականությամբ, նրանց կպատասխանեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հավելենք, որ նախաձեռնողները պլանավորել են, որ եթե չընդունվի ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու առաջարկը, ապա պատրաստվում են 300.000 ստորագրություն հավաքել, որպեսզի օրենքի ուժով հանրաքվեի կայացմանը հասնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը հաստատեց մեր ունեցած բոլոր տեղեկությունները: Հարցին, թե ինչ է կարծում, կընդունվի՞ որոշումը թե՞ ոչ, ասաց, որ չի կարող հստակ պատասխանել, իրենք անում են իրենց գործը, իսկ թե ինչ կանեն իշխանությունները, կապված է նրանց հետագա քաղաքական ճակատագրի հետ:
«Եթե համաձայնեն, ապա կօգնեն, որ երկիրը օր առաջ ազատվի ռուսական գաղութի կարգավիճակից», – հավելեց Խզմալյանը»։