24/08/2024 19:37
Այրվել են «KamAZ»-ի խցիկը, էլեկտրական մալուխներ, 200 լիտրանոց տարաներ՝ լցված դիզվառելիքով, ավտոմեքենայի լիցքավորման սարք, գեներատորներ․ Այնթապի բենզալցակայանի պահեստարանում հրդեհի հետևանքները
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրդեհ էր բռնկվել Անյթապ գյուղում գտնվող բենզալցակայանի պահեստարանում։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հրդեհը մարվել է։ Ներկայացվում են նաև վնասները․
«Օգոստոսի 24-ին, ժամը 11:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի թիվ 39/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահեստարանում։
Գլանատակառից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք, որը դադարեցվել է լցակայանի աշխատակիցների կողմից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 17։14-ին: Ժամը 12։35-ից 17։14-ը փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և կանխել հրդեհի տարածումը դեպի գլանատակառներ։
Այրվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը՝ մասամբ, սանհանգույց, էլեկտրական մալուխներ, երկու 200 լիտրանոց տարա՝ լցված դիզելային վառելիքով, փայտե տակդիրներ, անվադողեր, զսպանակավոր խողովակներ, ավտոմեքենայի լիցքավորման սարք, 6 կրակմարիչ, 2 գեներատոր: