24/08/2024 09:50
«Ժողովուրդ». «Քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները ջանում են այլևս քաղաքականությամբ չզբաղվել, սակայն «քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով։ Եվ որքան ջանասիրությամբ են Գորիսի, Քաջարանի քաղաքապետերը կամուրջներ գցում դեպի ՔՊ, այնքան ավելի ինտենսիվ են իրավապահները խորանում նրանց «մութ անցյալում»։
Կոմպլեմենտար քաղաքականության ցայտուն դրսևորում է Մանվել Փարամազյանի աշխատասեղանի լուսանկարը. երբ 2020-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից ավելի իրատեսական էր՝ Քաջարանի քաղաքապետի սեղանը, ՀՀ դրոշին զուգահեռ, զարդարում էր նաև Արցախի Հանրապետության դրոշը։
Փաշինյանի հեռացման հարցը առկախվեց` անհետացավ նաև Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից»։