25/08/2024 11:11
«Ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը». այսօր Սևանա լճի օրն է
Այսօր Սևանա լճի օրն է:
Սևանա լճի օրը հաստատվել է 1999թ․ ՀՀ բնապահպանության նախարարության (ՇՄՆ) կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։
Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։
Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։
Կեղտաջրերի հոսքը դեպի լիճ, այդ թվում՝ կոմունալ կենցաղային, գյուղատնտեսական և ռեկրեացիոն գոտիների կեղտաջրերի արտահոսքերը, ձկնագողությունը, օրգանական նյութերի առկայությունն առափնյա տարածքներում, որտեղ անտառային գոտիները հայտնվել են ջրի տակ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխությունները նպաստել են լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը:
«Այսօր Սևանն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, միահամուռ ուժերով հնարավոր կլինի փրկել Սևանը»,- ասվում է հաղորդագրությունում: